Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի

Armenpress 19:28, 25 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ապրիլի 25-ին հեռախոսազրույց է ունեցել Սերբիայի Հանրապետության առաջին փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, քննարկվել են երկկողմ օրակարգին առնչվող հարցեր՝ միտված քաղաքական երկխոսության ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության զարգացմանը: Երկուստեք ընդգծվել է այդ նպատակով բարձրաստիճան փոխայցելությունների և պարբերական խորհրդակցությունների կարևորությունը:

Ըստ աղբյուրի՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել բազմակողմ օրակարգին առնչվող հարցերի շուրջ։

Նշվում է, որ Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի։ Նախարար Միրզոյանն ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության հասնելու, Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում, այդ թվում՝ սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման և 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին հավատարմության կարևորությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am